ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Թուրքիան և ՄԱԿ-ը նախագծային առաջարկներ են մշակում հացահատիկային գործարքը վերսկսելու համար, Մոսկվայի և Կիևի միջև տեխնիկական բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում: Այս մասին գրում է Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակումից հատվածներ է ներկայացնում ՌԻԱ Նովոստին։
Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից, ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ առարկությունների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իր պետություններ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, այդպես էլ չի իրագործվել։
«Գլոբալ խնդիրներ, հատկապես միգրացիոն շարժեր և անկայունություն չհրահրելու համար, որոնք կարող են առաջանալ թույլ զարգացած երկրներում, Թուրքիան ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծային առաջարկներ է մշակում (հացահատիկային) միջանցքը գործարկելու վերաբերյալ։ Նշվում է, որ միջանցքի ակտիվացման շուրջ Մոսկվայի և Կիևի միջև տեխնիկական բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում»,- գրում է թուրքական պարբերականը։
Թերթը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակն է, որ կարող է այդ խնդիրը լուծել «առաջնորդների դիվանագիտության» միջոցով: Պարբերականը նշում է, որ Պուտինի հետ նրա հանդիպումը, «որը կկայանա այս ամսվա վերջին, գլոբալ նշանակություն ունի»:
Թուրքական A Haber հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կարող են բանակցություններ անցկացնել օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին, ընդ որում՝ չի բացառվում նաև Էրդողանի այցը Ռուսաստան: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների նախատեսվող բանակցությունների օրն ու վայրը դեռևս քննարկման փուլում են, թուրքական կողմը հույս ունի, որ բանակցությունները կլինեն օգոստոսին: