Գասպար Տերտերյանն ըմբշամարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն է

Գասպար Տերտերյանը գոտեմարտում. Արխիվային լուսանկար
Եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչի հետ և պարտվեց 2:4 հաշվով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Գասպար Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ` դառնալով աշխարհի փոխչեմպիոն:
67 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ և պարտվեց 2:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Գասպար Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սայա Ռոբինբ Բրուներին: 1/8 եզրափակիչում Տերտերյանը 2:0 հաշվով առավելության էր հասել էստոնացի Արթուր Ջեմերջեեւի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 5:3 հաշվով հաղթել է լեհ Արսլանբեկ Սալիմովին: Կիսաեզրափակիչում արդեն մեր ըմբիշը 5:2 հաշվով պարտության էր մատնել ֆին Նեստորի Քեյլ Միքայել Մաննիլային:
Հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:
Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն 82 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը: