ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Արցախում երկվորյակ աղջիկներ են ծնվել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ուրախ լուրն ու տեղադրել երկվորյակներին լույս աշխարհ բերած Մարիայի` նախօրերին նկարահանած տեսանյութը, որում Մարիան անգլերենով դիմում է աշխարհին։
«Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով, ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն…»,– պատմում է Ստեփանյանը։
Արցախցի Մարիա Մուսաելյանը 1 րոպե տևողությամբ անգլերեն հոլովակում ասում է, որ Արցախում բազմաթիվ երեխաներ լույս աշխարհ չեն գալիս` ստեղծված ծանր իրավիճակի պատճառով։
«Ես ցանկանում եմ, որ իմ` շուտով լույս աշխարհ եկող երկվորյակներն ու աշխարհի որևէ երեխա չիմանա, թե ինչ է ցեղասպանությունը, անգամ այս բառը չիմանա։ Իմ երեխաներն ու բոլոր երեխաներն իրավունք ունեն լույս աշխարհ գալու և ապրելու իրենց հայրենիքում։ Իմ ձայնն այդքան ուժեղ չէ այս ամենը կանգնեցնելու համար, խնդրում եմ` դարձեք մեր ձայնը, իմ երեխաների ձայնը»,– ասում է Մարիան։
Նա խնդրում է աշխարհին քայլեր ձեռնարկել և կանգնեցնել Արցախում իրականացվող ցեղասպանությունը։