Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցվել է

Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամուրջը
Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները չեն համագործակցում անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։
Sputnik Արմենիան դիմել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և խնդրել մի քանի հարցի պատասխանել՝ արդյոք կազմվե՞լ են Անիի կամրջի վերականգման նախագծանախահաշվային փաստաթղթերը, հայտնի՞ են վերականգման ժամկետները և գումարը, արդյոք նախարարությունը որևէ քննարկում անցկացնո՞ւմ է թուրքական պաշտոնյաների հետ այս հարցով։
Նախարարությունից պատասխանել են, որ առկա է Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը (ինչը նախկինում էլ էր հայտնի. խմբ․)։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցություններ չի տանում», - ասված է գրավոր պատասխանում։
Նախարարությունից նշել են նաև, որ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։
Նշենք, որ ժամկետների և ծախսերի վերաբերյալ նմանատիպ պատասխան էինք ստացել դեռ 2023 թվականի մայիսին: Այն ժամանակ մեզ ասել էին, որ թուրքական կողմի իրականացրած միջոցառումների մասին տեղեկություն չունեն:
Անիի կամրջի բացառիկ կադրերը կարող եք տեսնել այստեղ:
Հիշեցնենք` փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերանորոգեն սահմանային կամուրջը։