ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Sputnik գործակալության առաջարկած կետը՝ ամենաաղքատ երկրներին պարենի մատակարարումների օբյեկտիվ և լիարժեք լուսաբանման անհրաժեշտության մասին, ներառվել է ԲՐԻԿՍ-ի երկրների մեդիաֆորումի ամփոփիչ փաստաթղթում․ համաժողովն ավարտվել է կիրակի օրը Յոհանեսբուրգում, միավորման գագաթնաժողովի նախաշեմին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգում կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Աֆրիկայի վեց երկրներին (Բուրկինա Ֆասո, Զիմբաբվե, Մալի, Սոմալի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն, Էրիթրեա) անհատույց 25-50 հազար տոննա հացահատիկ մատակարարելու պատրաստակամության մասին: Բացի այդ, ՌԴ-ն հայտարարել է ամենաաղքատ երկրներին անհատույց հանքային պարարտանյութեր փոխանցելու պատրաստակամության մասին։ Եվրոպական նավահանգիստներում արգելափակված 262 հազար տոննա պարարտանյութից մինչ այժմ հաջողվել է ուղարկել ընդամենը երկու խմբաքանակ․ 20 հազար տոննա՝ դեպի Մալավի և 34 հազար տոննա՝ դեպի Քենիա:
«Մենք պետք է ապահովենք գլոբալ պարենային անվտանգության հարցերի օբյեկտիվ և համապարփակ լուսաբանումը, ներառյալ գնագոյացումը և մատակարարման շղթաները։ Ապահովելով հասարակության ժամանակին և ճշգրիտ իրազեկումը՝ ԲՐԻԿՍ երկրների ԶԼՄ-ները պետք է համատեղ ներդրում ունենան առավել խոցելի մասնակիցներին և գլոբալ պարենային անվտանգությանը հասցված վնասի նվազեցման գործում»,- ասվում է ԲՐԻԿՍ մեդիաֆորումի ամփոփիչ փաստաթղթում։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է աշխարհի ամենաաղքատ երկրներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումն ապահովելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ Մոսկվան պատրաստ է դրանք մատակարարել անհատույց: ՌԴ-ից հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը Սևծովյան նախաձեռնության կարևորագույն պայմանն էր, որին մասնակցում էին նաև Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը:
ՌԴ-ն ստիպված էր դադարեցնել իր մասնակցությունը գործարքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքն այդ գործարքի շրջանակներում ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իր պետություններ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, այդպես էլ չի իրագործվել։
Միաժամանակ, չնայած անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման դեմ, Ռուսաստանը 2022 թվականին Աֆրիկա է արտահանել 11,5 միլիոն տոննա հացահատիկ, միայն այս տարվա առաջին կիսամյակում՝ արդեն գրեթե 10 միլիոն տոննա։