ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մայրը` Ալվարդ Սաֆարյանը, Արցախի Կարմիր խաչի գրասենյակի մոտ է և պահանջում է իր դստեր դին վերադարձնել հայրենիք։ Այնտեղ են նաև ընտանիքի հարազատները։
Նշենք, որ Հելեն Դադայանը Արցախից էր` Ճարտար գյուղից։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։
«Ինձնից գրավոր դիմում չեն ընդունել։ Ինձ մերժելու մասով էլ գրավոր թուղթ չկա։ Պահանջում եմ, որ ինձ գրավոր ասեն, թե ինչու են մերժել իմ հայտը։ Ես մայր եմ, ընդամենը ուզում եմ ստանալ իմ երեխայի դին ու հուղարկավորել։ Ես ուրիշ պահանջ չունեմ»,– նշեց մայրը։
Լրագրողների հարցին, թե Հելենը երբ էր մեկնել Հայաստան, նա պատասխանեց` 2022 թվականի օգոստոսին 31-ին։ Դրանից հետո միայն հեռախոսով են շփվել միմյանց հետ։
«Հելենն ամեն օր ասում էր` մամ, հանգիստ մնա, ամեն ինչ լավ է լինելու»,– նշեց մայրը։
Մոր պահանջները հնչելուց հետո Հելենի ընտանիքի հարազատները մտել են ԿԽՄԿ գրասենյակի տարածք։ Ներկա պահին հանդիպել են ԿԽՄԿ առաքելության ղեկավարն ու Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ներկա պահին այնտեղ հավաքվածները դրսում սպասում են։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, այդ հարցում օգնելու համար դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։ Աղջկա մարմինը Գորիսի դիահերձարանում է։