ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մուտքում հարևանները վիճաբանել են, ապա տեղի է ունեցել դանակահարություն։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանությունից։
Սկզբում Հրազդան քաղաքի 38-ամյա բնակիչը բուժօգնության է դիմել, հայտնել, որ վնասվածքը շենքի բակում ընկնելու հետևանքով է ստացել, այնուհետև պարզվել է, որ վերջինս նույն շենքի 41-ամյա բնակչի հետ վիճաբանել է և դանակահարվել։
«Շենքերից մեկի մուտքում նույն շենքի բնակիչ 41-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, իսկ հիվանդանոց տեղափոխված տղամարդը դիտողություն է արել նրան, ինչի հետևանքով էլ երկու հարևանների միջև վիճաբանություն է սկսվել,»,– ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել հարևանին:
Հանցագործության մեջ կասկածվող տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: