ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանը մտահոգություն է հայտնում Կիպրոսում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ։ Այս հայտարարությունը տարածել է Կիպրոսում, Ալբանիայում և Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP` Կիպրոսում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժեր. խմբ.) լիազորությունները, որոնք հաստատվել են միջազգային հանրության կողմից, պետք է հարգել։ Հայաստանը վերահաստատում է անվերապահ համերաշխությունը Կիպրոսի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսի թուրքերը սադրանք էին իրականացրել՝ բուլդոզերով հրելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաները։ Միջադեպը տեղի էր ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։