Բաքուն հրաժարվում է վթարի հետևանքով մահացած արցախցի աղջկա դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ

Բողոքի ակցիա Երևանում Կարմիր խաչի գրասենյակի մոտ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համաձայնություն չի ստացել Հելեն Դադայանին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը մերժում է խոշոր ավտովթարից մահացած Լեռնային Ղարաբաղի բնակչուհուն հայրենիք տեղափոխելու հարցում։ Այս մասին «X»-ում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը հայրենիք տեղափոխել, որպեսզի այնտեղ նրան հուղարկավորեն»,– գրել է Բադալյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել էին, որ ԿԽՄԿ–ն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։