ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
«Ադրբեջանցի ահաբեկիչները հերթական անգամ թիրախավորել են «Սյունիք» օդանավակայանը։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն օպերատիվորեն տարհանել են հյուրերին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել` չնայած հարձակմանը։ Օդանավում եղել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ ու այլ քաղաքացիներ»,– գրել է նա X-ում։
Ծառուկյանի խոսքով` նմանատիպ ահաբեկչական գործողությունները վտանգում են անմեղ մարդկանց կյանքն ու կայունությունը:
Նշենք, որ ավելի վաղ «Առավոտ» օրաթերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ ինքնաթիռի վայրէջքից առաջ օդանավակայանի կողքին կրակոցներ են լսվել։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ իրենք տեղեկություն չունեն օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին Երևան–Կապան չվերթով Սյունիք է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը` օգոստոսի 18-ին, ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանը չի կարող շահագործվել, քանի որ դրա համար Հայաստանը չունի համաձայնագիր Ադրբեջանի հետ, բացի այդ՝ այն ադրբեջանական սահմանային դիրքերին մոտ է գտնվում: