Ուզում էին ցույց տալ` ով է տանտերը. փորձագետները՝ Կապանի օդանավակայանը գնդակոծելու մասին

Կապանի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիայի զրուցակիցները կարծում են, որ իշխանություններն իրենց որոշումներով հարվածի տակ են դրել երկրի հարավում գտնվող առանցքային կոմունիկացիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը նպատակաուղղված ձգտում է հասնել Սյունիքի մարզի հայաթափմանը, եւ ցանկացած գործողություն, այդ թվում ՝ ռազմավարական օբյեկտների եւ հաղորդակցությունների կրակային վերահսկողությունը, պետք է դիտարկել այդ համատեքստում: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, APRI կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական կողմից կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օդանավակայանի գնդակոծումը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապան այցից ժամեր անց, որը խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երևան-Կապան ուղիղ չվերթների մեկնարկի մասին: Եվ ակնհայտ է Ադրբեջանի փորձը՝ ցույց տալու, թե ով է տան տերը։ Փորձագետի կարծիքով ՝ նման իրավիճակը շատ առումներով Հայաստանի վարչապետի որոշումների հետևանք է։
«Հիմա Սյունիքը մեր ամենախոցելի մարզն է։ Եվ դիրքերը, որ Ադրբեջանը գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքում, հիմա օգտագործում է, որպեսզի ռազմական առումով հետևողական շարունակի ճնշումը Հայաստանի դեմ։ Դժվարանում եմ ասել, թե ինչ էին մտածում իշխանությունները, երբ Սյունիքում կարևոր դիրքեր ու բարձունքներ էին փոխանցում հակառակորդին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր միանձնյա որոշմամբ վտանգի տակ է դրել մեր կարևորագույն կոմունիկացիաները հարավում։ Ես չգիտեմ արդյոք այն քննարկվել է Անվտանգության խորհրդում, նախագահի հետ և այլն», - ասում է մեր զրուցակիցը։
Այս որոշման արդյունքում Հայաստանը, ինչպես հայտնի է, հետագայում կորցրեց Գորիս-Կապան ավտոմայրուղին, իսկ Կապանի օդանավակայանը հայտնվեց ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ։ Հաղորդակցությունների կրակային կամ փաստացի վերահսկողությունը Ադրբեջանին հնարավորություն է տալիս մշտական ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա, որն էլ ի պատասխան իրեն բավականին իներտ է պահում։ Նախ, տևական ժամանակ Հայաստանի իշխանությունները չեն խոսում Ադրբեջանի կողմից հանրապետության շուրջ 220 քառ. կմ ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, իսկ օդանավակայանի գնդակոծման դեպքը ցույց է տալիս հայկական ուժայինների անգործության մակարդակը։
«Ակնհայտ է, որ օդանավակայանի մոտակայքում կան հայկական զինված ուժեր ՝ լինեն դրանք սահմանապահ զորքեր, թե բանակային ստորաբաժանումներ։ Բայց ինչպես նկատում ենք ներկայիս իշխանությունների պահվածքից, Ադրբեջանին ուժային պատասխան տալու ցանկացած փորձ կարող է խնդրահարույց լինել և ընկալվել որպես նոր պատերազմի սպառնալիք։ Սրանով կարելի է բացատրել իներտությունն ու պասիվությունը, որը, սակայն, ավելի է սրում իրավիճակը։ Եթե այսօր ադրբեջանական կողմից մոտեցած մեքենայից կրակում են օդանավակայանի ուղղությամբ, ապա վաղը նույն մեքենայից կարող են գնդակոծել բնակելի թաղամասերը», - հայտարարեց Մելքոնյանը։
Հույս ունենք` վտանգավոր իրավիճակներ չենք տեսնի. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
Նրա կարծիքով ՝ նման ճակատագիր կարող են ունենալ Տավուշի և Արարատի մարզերում հաղորդակցություններն ու ռազմավարական օբյեկտները, եթե Փաշինյանն ու իր թիմը որոշեն Ադրբեջանին հանձնել, այսպես կոչված, «անկլավները»։ Մելքոնյանը համոզված է, որ նման քննարկումներ չպետք է լինեն, հակառակ դեպքում Հայաստանն ինքը բարենպաստ պայմաններ կստեղծի Ադրբեջանի համար մշտական սադրանքների և ուժային գործողությունների համար:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը ևս ուշադրություն է հրավիրում հայ ուժայինների հավանական անգործության վրա: Նրա խոսքով՝ ԱԱԾ հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ գործողություններ է իրականացրել հայկական կողմը ՝ ի պատասխան օդանավակայանի ուղղությամբ հնչած կրակոցների: Ու թեև ԱԱԾ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետաքննել միջադեպը, դժվար թե գերատեսչությունում նստած լինեն միամիտ մարդիկ՝ կարծելով, թե դա ինքնագործունեության արդյունք է կամ զուտ պատահականություն:
«Օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կամ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտված կլինեն կամ էլ վատագույն դեպքում, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ 100 անգամ կմտածեն ու այդպես էլ սադրանքի չեն գնա»- գրել է պատգամավորը սոցիալական ցանցերի իր էջում։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները արցախյան պատերազմից և հայկական զորքի հետքաշումից հետո տեղակայվել են Կապանի օդանավակայանի թռիչքուղուց մի քանի տասնյակ մետրի վրա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիք է մեկնել Երևան-Կապան ավիաչվերթով և հայտարարել, որ հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր թռիչքներ: