ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունների հիմնադիրները, տնօրեններն ու մի շարք աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետությունից հափշտակել են 770.960.963 դրամ գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց՝ նույն ընկերությունների համահիմնադիր Գ.Զ.-ի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Կ.-ի, այնուհետև տնօրեն Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հաշվապահ Ա.Խ.-ի ու «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության հաշվապահ Ս.Ս.-ի օժանդակությամբ կազմել են ծառայությունների մատուցման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական ակտեր։
Այնուհետև նրանք նշված կատարողական ակտերն օգտագործել և դրանց հիման վրա կազմել են հանձման-ընդունման արձանագրություններ, որոնց հիման վրա էլ կազմվել են հարկային հաշիվներ և դրանք իրենց ամբողջության մեջ ներկայացվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ֆինանսական բաժանմունք` խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 770.960.963 դրամ գումար:
Պետությանը պատճառված 290.327.078 դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռևս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:
Վեց մեղադրյալներից երեքի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը, երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին: