ՄԱԿ-ում հղում արվեց ԼՂ ինքնավար մարզին. Օսկանյանը լավատեսության «հատիկ» է գտել

Վարդան Օսկանյան
Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Միջազգային հանրությունը բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո նման կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
Օսկանյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հայ հասարակության մոտ լավատեսություն և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ, չընդունվեց որևէ բանաձև կամ հայտարարություն, և հարցական է, արդյոք երբևէ միջազգային իրավունքի ուժով որևէ բանաձև կլինի, որը Ադրբեջանին կպարտադրի բացել Լաչինի միջանցքը։
Սակայն այդ նիստից նախկին նախարարը «լավատեսության մի հատիկ» է գտել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայն «Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից»։
«Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ներկայի բանակցություններում հիմնական միջնորդներից Եվրամիության ներկայացուցիչը հղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականություն չէ։ Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը»,–նշել է Օսկանյանը։
Այնուհետև նախկին արտգործնախարարը նշել է, թե իր կարծիքով ինչի մաիսն պետք է ԱԽ–ում խոսեր Արարատ Միրզոյանը։
Օսկանյանի դիտարկմամաբ, Միրզոյանը պետք է նշեր, որ Ադրբեջանը չարաշահում է հայկական կողմի բարի կամքի դրսևորումները, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունում ներառված արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։
Իսկ խորհրդային տարիներին ԼՂ ունեցած ինքնավար կարգավիճակը պետք է լինի նվազագույն այն հենքը, որի վրա կկառուցվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկում։
Վերջում Օսկանյանը հավելել է, որ թեպետ հնարավոր չի իրադարձությունները հետ պտտել, հայկական կողմն այդ հնարավորությունը կորցրել է, բայց նշված մոտեցումները, դիրքորոշումները, քաղաքականություն հնարավոր ճանապարհներից մեկն է փոխելու այսօրվա շատ վտանգավոր և փակուղու ու պատերազմի տանող բանակցային նարատիվը։
«Այս մոտեցումներով միայն հնարավոր կլինի բանակցային ճանապարհով հասնելու արդար և երկարատև խաղաղության երկու ժողովուրդների միջև»,–գրել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։