Գավառի թիվ 3 դպրոցի նախկին տնօրենն ու 5 անձ մեղադրվում են մոտ 14 մլն հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտե
Տնօրենի շարժական և անշարժ գույքի վրա արգելանք է դրվել, խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Գավառի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների փաստով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` նախկին տնօրենին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ նախկին տնօրենը առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ 2006-2020 թվականների ընթացքում 8 անձանց հրամանագրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում` պահակի, հնոցապանի, հավաքարարի, և յուրաքանչյուր ամիս կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարային տեղեկագրերը։ Դրանցում նա կեղծ տեղեկություններ է ներառել նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ:
Այդ միջոցով նշված տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներից նա հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ:
Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ–ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները:
«Օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել և այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական վկայականներ»,– նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Կոռուպցիոն չարաշահումների համար Այգեպատի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:
Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելու համար երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել վերջինիս մահվան հիմքով:
Դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: