Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը

Լևոն Քոչարյան
Դատախազություն ներկայացած անձանցից որևէ մեկը դեռ դիրքորոշում չի ներկայացրել իրավասու մարմնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ դատախազությունը, ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցագրեր է ուղարկել Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամներին։ Նրանք պետք է դատախազություն ներկայանային օգոստոսի 1-ին։ Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին և նրա ընտանիքի անդամներին, ապա նրանք դատախազություն էին հրավիրվել օգոստոսի 3-ին։
«Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը` առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և դիրքորոշում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»,– ասված է դատախազության պատասխանում։
Նշվում է, որ վերը նշված անձանցից որևէ մեկը դեռ դիրքորոշում չի ներկայացրել իրավասու մարմնին։
Հուլիսի 25-ին ՀՀ դատախազություն պետք է ներկայանային նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները` Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը։
Դատախազությունից հայտնել են, որ նրանք չեն ներկայացել իրավասու մարմին։ Ըստ շրջանառվող լուրերի` նրանք այս պահին Հայաստանում չեն։