Ադրբեջանի հաղորդագրությունը ծայրեծայր կեղծիք է. Արցախի ՊՆ

Զինծառայող
Ըստ ադրբեջանական ՊՆ–ի` իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել»,– նշել է Արցախի ՊՆ–ն:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ՌԷՊ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է»,– շեշտել է գերատեսչությունը։
Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 18-ին` ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։