ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 18-ին` ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշում է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները` ադրբեջանական կողմը նպատակ ունի է՛լ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։