ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բերձորի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին` ժամը 17:55-ին։
Բեգլարյանի տեղեկացմամբ` դեռ երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ՌԴ խաղաղապահների հետ մոտենալ և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի Արցախի մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:
«Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը, կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից»,– գրել է Բեգլարյանը:
Նա հավելել է, որ այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, ռադիոկապն էլ շարունակաբար ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո է: