40 ֆիլմ 15 երկրից. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնը կանցկացվի Դեբետում

Արթուր Վարդիկյան
Փառատոնում կլինի ծրագիր, որը անվանվել է Ղարաբաղի բարբառով` «Մունք ուրուր օնինք»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 40 ֆիլմ 15 երկրից, հյուրեր արտասահմանից, որպես մրցանակ` ավանդական հայկական գորգեր. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 20-27–ը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը:
Փառատոնը հիմնադրվել է 2015 թվականին, սկզբում անցկացվել է միայն Երևանում, այնուհետև մի քանի տարի` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Կազմակերպիչները որոշել են զանազանության համար փոխել ձևաչափը և ավելի հեռանալ մայրաքաղաքացից, ու ընտրվել է Դեբետ գյուղը։
«Այս տարի և՛ ֆիլմացանկի, և՛ հյուրերի քանակի առումով ամենամեծ փառատոնն է լինելու, իսկ մասնակիցները ապրելու են գյուղացիների տներում։ Այս տարի ավելի շատ ֆիլմեր ունենք, քան նախորդ տարիներին` համարյա 40։ Մենք փորձում էինք 30–ը ընդգրկել` հաշվի առնելով սահմանափակ, ռեսուրսները` թարգմանություն և այլն, բայց քանի որ լավ ֆիլմերը շատ էին, ընտրվեց 40 ֆիլմ մոտ 15 երկրից։ Հյուրերի թվում կլինեն 25 կինոգործիչներ արտասահմանից, ևս տասը` Հայաստանից»,–ասաց փառատոնի տնօրենը։
Վարդիկյանը նշեց, որ փառատոնին ժյուրիի կազմում լինելու են իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ֆրանսիացի կինոռեժիսոր Վենսան Սորելը և հայտնի իրանցի կինոպրոդյուսեր Էլահե Նոբախտը։
Նրա խոսքով` ծրագիրը զանազան է և կոնկրետ ուղղվածություն չունի, կան քաղաքական թեմաներով ֆիլմեր, նաև էքսպերիմենտալ ֆիլմեր։ Կցուցադրվի «Մանիֆեստը», որ Ամստերդամի փառատոնում լավագույն ֆիլմերից մեկն է ճանաչվել
«Ծրագիրը բաժանված է մի քանի մասի։ Առաջինը մրցույթային բաժինն է` լիամետրաժ կարճամետրաժ ֆիլմերով, յուրաքանչյուրում 10–ական ֆիլմ կլինի։ Նախատեսվում է նաև արտամրցույթային բաժին, որում նախատեսվում է հայ կինոյի 100–ամյակին նվիրված ծրագիր, որտեղ ներառված է 9 ֆիլմ հայկական կինովավերագրության նմուշներից (Սերգեյ Փարաջանովի, Հարություն Խաչատրյանի, Գրիգոր Հարությունյանից և այլ ռեժիսորներ ֆիլմեր)»,–նշեց փառատոնի տնօրենը։
Վարդիկյանն ընդգծեց` փառատոնում ներառված է ծրագիր, որն անվանել են Ղարաբաղի բարբառով` «Մունք ուրուր օնինք»։ Այդ ծրագրի շրջանակում կցուցադրվի Մանե Թադևոսյանի 10–րոպեանոց ֆիլմը` նվիրված շրջափակման մեջ գտնվող Արցախին։
«Ժամը 20։00-ից բացօթյա ցուցադրություններ կլինեն Դեբետի գյուղապետարանի բակում, իսկ 22։30-ից ֆիլմեր կցուցադրվեն «Դեբատուն» հյուրատանը»,–հավելեց նա։
Խոսելով մրցանակների մասին` փառատոնի տնօրենը նշեց, որպես մրցանակ տրվելու են հատուկ պատրաստված հայկական, ավանդական գորգեր, կերամիկական ափսեներ։
ՀՀ-ում ֆիլմերի վերականգնման ծրագիրը կընդլայնվի ՌԴ պետական ֆիլմֆոնդի աջակցությամբ