ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ, նույնն է` ԶԱԳՍ–խմբ) սպասարկման կենտրոնի մասնագետը սեղմ ժամկետներում անուն ազգանուն փոխելու պետական գործընթացը կազմակերպելու համար կաշառք է վերցրել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվում է, որ արտերկիր մեկնելու համար խոչընդոտները լուծելու նպատակով Խ.Վ.-ն մտադրվել է իրականացնել իր անվան և ազգանվան փոփոխություն: 2022 թվականի հոկտեմբերի կեսին դիմել է ՔԿԱԳ աշխատակից Լ. Պ.-ին։
«Վերջինս, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, Խ. Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, այն է` նրա անվան (անուն, ազգանուն) փոխման պետական գրանցման գործընթացը հնարավոր սեղմ ժամկետում կազմակերպելու համար, վերջինից պահանջել է 100.000 ՀՀ դրամ կաշառք»,-նշվում է հաղորդագրությունում:
Կաշառքը ստանալուց անմիջապես հետո Լ․Պ-ն ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու հոդվածով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: