ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գյումրիում գերեզմանատանը ինքնասպանություն գործած 33-ամյա կնոջ մահին կարող է հաջորդել նոր ողբերգություն, Sputnik Արմենիային ահազանգում են կնոջ՝ Աննայի ծանոթները։
Նշենք, որ օգոստոսի 15-ին Գյումրու թիվ 2 գերեզամանատանը կախված վիճակում էին հայտնաբերել 33-ամյա Աննա Մ․-ին, որը երկտող էր թողել։ Նրա 7-ամյա տղան՝ Ալեք Մ․-ն, մեկ ամիս առաջ մահացել էր՝ Մուշ թաղամասի իրենց տան պատշգամբից պատահաբար վայր ընկնելու հետևանքով։
Թոռան և դստեր կորստից հետո հոգեբանական վատ վիճակում է նաև երեխայի տատիկը՝ Աննայի մայրը։
«Հիմա խոսելու ու գրելու փոխարեն պետք է այնպես անել, որ նոր ողբերգությունը բացառվի՝ խոսքը Աննայի մայրիկի մասին է, որը բոլորովին մենակ է մնացել։ Լավ կլինի, որ հոգեբաները գոնե հիմա աշխատեն»,-ասում է մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Աննան ամուսնալուծված էր ու ապրում էր երեխայի ու մայրիկի հետ։ Նրան ճանաչողները պնդումն են՝ կինը հավասարակշռված ու շատ երեխայասեր էր։
«Շատ բարեհամբյուր, ժիր ու աշխատասեր էր։ Ալեքը Աննայի միակ հույսն էր` միակ զավակը, ու նրա կորուստը ամենամեծ ճնշումն էր իր համար։ Տղային կորցնելով կյանքն արժեզրկվել էր Աննայի համար»,-ասում է ընտանիքի ծանոթներից մեկը։
Մեր տեղեկություններով՝ Աննան աշխատում էր Գյումրու «Բասեն» խանութների ցանցում։