ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԼՂ-ում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին: Այս մասին Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են արտգործնախարարությունից։
Միրզոյանը ռումինացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը՝ մանրամասնելով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար առաջացած լրջագույն խնդիրները:
«Նախարարը նշել է, որ 2022թ. դեկտեմբերից ի վեր ՄԱԿ Անվատագության խորհրդի երկու նիստերի քննարկումները, ինչպես նաև մինչ օրս տարբեր կառավարությունների և միջազգային կառույցների կողմից ուղերձները ցույց են տալիս, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում: Այդուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակի հաղթահարումը պահանջում է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի ձեռնարկում»,-նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։