ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշմանը։
Դեսպանը նշել է, որ չինական կողմը ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին և մտահոգություն է հայտնում դրա հետևանքով հումանիտար հետևանքների վրա։
«Մենք միշտ հետևում ենք նորությունններին, և այդ հարցը մեզ համար շատ կարևոր է։ Կարծում եմ միակ միջոցը այդ հարցը լուծելու երկխոսությունն է․ պետք է երկխոսեն և այդ հարցը խաղաղ կերպով լուծեն։ Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը և հաղորդակցությունը և կլուծեն երկու երկրների միջև այդ վեճը»,-նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի միջազգային օրենքներին, դրույթներին ու նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունը ու կայունությունը, ինչպես նաև մարդկանց բարգավաճումը։
Յոնգն ընդգծել է՝ չինական կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու ցնակացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ դրանում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։