ՀՀ-ում ճանապարհների նորոգման աշխատանքների համար կառավարությունը 2.6 մլրդ դրամ տրամադրեց

Ճանապարհաշինություն ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Այս տարի միջին նորոգման եղանակով նախատեսվում է ընդհանուր մոտ 150 կմ ճանապարհ նորոգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 60.7 կմ ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար 2 մլրդ 624 մլն 260 հազար 800 դրամ ֆինանսավորում կհատկացվի։ Այս որոշումը միաձայն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Այդ ճանապարհներից 13 կմ–ը միջպետական են, 47 կմ–ը` հանրապետական։ Այս նախագծով 5 ընդհանուր ճանապարհահատված է նորոգվելու։ Որպես կանոն, մենք հետևյալն ենք անում` եթե միջինացված 500 կմ–ը հաշվենք, ապա մոտ 150 կմ ամեն տարի միջին նորոգման եղանակով ենք ասֆալտապատում։ Այս տարի էլ նախնական 150 կմ–ի հաշվարկ ունենք»,– նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` այս աշխատանքները հեշտ և արագ են կազմակերպվում, այդ պատճառով տարվա երկրորդ կեսին է սկսվում դրանց իրականացումը։ Սանոսյանը շեշտեց, որ սա առաջին 60 կմ–ի ֆինանսավորումն է և մոտ 90 կմ–ի համար դեռ նախագծեր և ֆինանսավորում կունենան։
Նախարարն ընդգծեց` մրցույթները հատկացված են, շինարարական ընկերությունները կան, միայն գումարը պետք է հատկացնել, որպեսզի աշխատանքները սկսվեն։