Չինաստանը դեմ է Հայաստանի ներքին գործերին արտաքին միջամտությանը. դեսպան

Ֆան Յոնգ
Պեկինը պատրաստ է միավորել ջանքերը Երևանի հետ՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտի մարտահրավերները հաղթահարելու համար, նշել է չին դիվանագետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Չինաստանը սատարում է Հայաստանի ընտրած զարգացման ուղուն և դեմ է որևէ պատրվակով պետության ներքին գործերին արտաքին միջամտությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։
Նրա խոսքով՝ Պեկինը պատրաստ է աշխատել հայկական կողմի հետ՝ անվտանգության հայեցակարգը պաշտպանելու համար, միավորել ջանքերը՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտի մարտահրավերները հաղթահարելու համար և առաջ մղել մարդկության խաղաղ զարգացման գործը:
«Չինաստանը, որպես պատասխանատու երկիր, պատրաստ է ակտիվ և կառուցողական դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,-ասել է դիվանագետը:
Դիվանագետը փաստել է, որ Հայաստանն ու Չինաստանը պատմական հարուստ ժառանգություն ունեցող պետություններ են, որոնք կարևոր ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում: Ավելին, մարդկության հետագա զարգացման հարցերում երկու երկրների դիրքորոշումները նման են։
«Նոր պայմաններում Չինաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի հետ բազմակողմ փոխգործակցությանը»,-ընդգծել է Ֆան Յոնգը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Չինաստանը դարեր շարունակ հավատարիմ ընկերներ և գործընկերներ են եղել, երկկողմ հարաբերությունները կայուն և աստիճանաբար զարգանում են: Իսկ դա, դիվանագիտական առաքելության ղեկավարի կարծիքով, որոշ երկրների դժգոհությունն է առաջացնում։
ՀՀ-ի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժ կա. կցորդ
«Որոշ պետություններ և անձինք չեն ցանկանում, որ Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանան, նույնիսկ խոչընդոտներ են ստեղծում դրա համար։ Սակայն, չնայած դրան, մենք վճռական ենք բարեկամական հարաբերությունները պահպանելու և կապերն ամրապնդելու հարցում»,-եզրափակել է նա։
Նշենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ի ապրիլի 6-ին: 1992 թվականի հուլիսից Երևանում գործում են ՉԺՀ դեսպանությունը և առևտրային ներկայացուցչությունը: 1996 թվականի հոկտեմբերի 10-ից Պեկինում գործում է Հայաստանի դեսպանությունը: