Ադրբեջանը ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը թխվածքաբլիթ ուտելու համար․ Մարուքյան

Ադրբեջանը սոցցանցերում արցախցիների ծննդյան օրերի լուսանկարներ է շրջանառում՝ հերքելու պնդումները Արցախում սովի տանջանքի և մարդասիրական ճգնաժամի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սա հիանալի ցուցանիշ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անձեռնմխելիությունը երաշխավորող միջազգային մեխանիզմն ունի առաջնային նշանակություն»,- հավելել է Մարուքյանը։
Նա իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենինու այլ պաշտոնյաների և ընդգծել` դադարեցրեքԼաչինի միջանցքի շրջափակումը։
Նշենք, որ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում հայտարարեց, թե Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Հայաստանի մեղադրանքներն անհիմն են: Նա իր ելույթի վերջում խոսեց արցախցի օգտատերերի հրապարակումների մասին, որոնցում մարդիկ ծնունդ ու հարսանիք են նշում, և լուսանկարներ ցուցադրեց։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։