Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

ՄԻԵԴ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից օգոստոսի 16–ին գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ «Լուրեր»-ին տեղեկությունը հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն երեկ հայտնեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: