ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Վերին Լարսի անցակետի ընդլայնումից հետո դեպի Հայաստան և Հայաստանից դուրս բեռնափոխադրումների հայտերի թիվն աճել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ati.su բեռնափոխադրումների բորսայի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանը։
Նա նշեց, որ բորսան իրականացնում է բեռնափոխադրումների հայտերի մոնիթորինգ, որոնք ֆիքսում է իր հարթակում (պատվիրատու ընկերություններից ու լոգիստիկ օպերատորներից): 2022 թվականին և 2023 թվականի առաջին եռամսյակում տրանսպորտի պահանջարկը զգալիորեն աճել է ՝ պայմանավորված միջնորդական առևտրով (որն ակտիվացել է աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պատճառով)։
Բայց քանի որ այդ փոխադրումների պահանջարկը սկսեց «հագենալ», հայտերի քանակի ցուցանիշը հասավ գագաթնակետին, իսկ հետո փոքր-ինչ նվազեց։ Եռամսյակային կտրվածքով (2023թ. II եռամսյակում I-ի համեմատ) նվազում է նկատվել և՛ ներմուծման, և՛ արտահանման բեռնափոխադրումների մասով։ Առաջին կիսամյակի կտրվածքով արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է, իսկ ներմուծման պահանջարկը մնացել է մոտավորապես նախորդ տարվա մակարդակին։ Մի փոքր նվազել է Ռուսաստանից հայտերի քանակը, բայց աճել՝ Բելառուսից։
Այժմ, Վերին Լարսի անցակետում լրացուցիչ գծեր բացելուց հետո, հայտերն ավելի շատ են։ Ճիշտ է, ամռան ամիսներին, որպես կանոն, Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալն ավելանում է, ուստի առայժմ դժվար է հասկանալ՝ այդ աճը պայմանավորված է սեզոնային գործոնո՞վ, թե՞ հետագայում էլ կպահպանվի:
«Այդ պատճառով ավելի լուրջ ենթադրություններ կարելի է անել սեպտեմբերին», – ասաց Մկրտչյանը:
2023 թվականին Վերին Լարսի անցակետը վերակառուցվել է, որ բավարարի Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումների աճը (Ռուսաստանի և վերջին երկու երկրների միջև բեռնափոխադրումների հոսքի մի մասը ծովայինից անցել է ցամաքային տարբերակի)։ Անցակետերում ճանապարհային գոտիների թիվը 15-ից հասել է 39-ի։ Դրանք բացվել են հունիսի 15-ին:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում ավտոմոբիլային տրանսպորտով արտահանման ծավալներն աճել են 18%-ով, երկաթուղային տրանսպորտով՝ կրճատվել գրեթե 25%-ով։ Ավտոտրանսպորտով ներկրվող փոխադրումների ծավալն աճել է գրեթե 27%-ով, երկաթուղով՝ մոտավորապես նույնքան։ Հայաստանի միջազգային փոխադրումներում ավտոտրանսպորտը զբաղեցնում է մոտ 80%, երկաթուղին տարբերակը՝ մոտ 19%, օդային տրանսպորտը՝ մոտ 0,4%: