ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» * շարժումը հայտարարել է, որ երկրում արգելվում է կուսակցությունների գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով «Aamaj News» լրատվական գործակալությանը։
«Կուսակցությունների գործունեությունը շարիաթական հիմք չունի և չի բխում ազգի և ժողովրդի շահերից», – հայտարարել է թալիբների արդարադատության նախարար Աբդուլ Հաքիմ Շարաին` ելույթ ունենալով «Կառավարության պատասխանատվությունը ժողովրդի առաջ» հեռուստածրագրում։
Քանի դեռ թալիբները չէին գրավել Աֆղանստանը, երկրի արդարադատության նախարարությունում 73 կուսակցություն կար գրանցված։ Թալիբների իշխանության գալուց հետո կուսակցությունների առաջնորդների մեծ մասը լքեց երկիր։
«Թալիբան» շարժումը Աֆղանստանը գրավեց 2021 թվականի օգոստոսին, երբ երկիրը հապճեպ լքեցին դաշնակից ԱՄՆ–ի զորքերը, ինչպես նաև 20 տարի շարունակ նրանց կողմից աջակցություն ստացող կառավարությունը։ Մինչ օրս թալիբների կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի ոչ մի երկրի կողմից, իսկ նրանց առաջնորդները ՄԱԿ–ի պատժամիջոցային ցանկում են։
* «Թալիբան» շարժումը ահաբեկչական գործունեության համար հայտնվել է ՄԱԿ–ի պատժամիջոցների ներքո։