Շոգի պատճառով Երևանում շտապօգնության կանչերի թիվն ավելացել է

Արխիվային լուսանկար
Հիմնականում անհետաձգելի օգնության համար դիմում են սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, ինչպես նաև արյան բարձր կամ ցածր ճնշմամբ տառապող մարդիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Այս ամռան ամենաշոգ օրերին՝ օգոստոսի 10-14-ին, Երևանի շտապօգնություն կանչերի թիվը կտրուկ աճել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Եթե մինչև օգոստոսի 10-ը շտապօգնություն օրական 750 կանչ էր ստացվում, ապա շոգի պիկին այդ թիվը հասել է 800-830-ի։ Հիմնականում զանգերը կապված են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ճնշման հետ կապված խնդիրների հետ։ Եղել են նաև ջերմային հարվածի դեպքեր, ճիշտ է՝ հազվադեպ»,-նշեց նա։
Գրիգորյանի խոսքով՝ հազվագյուտ կանչեր են կապված եղել սննդային թունավորման հետ։ «Շտապ օգնության» տնօրենը համաքաղաքացիներին խորհուրդ է տալիս շատ ջուր խմել, խուսափել տապակած ուտելիքից, միրգ ու բանջարեղեն օգտագործել:
«Ունեցել ենք նաև օձերի և կարիճների խայթոցների հետ կապված կանչեր, բայց այդպիսի դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում։ Չեմ բացառում, որ նրանց հարազատներն են հիվանդանոց տեղափոխել»,-ասել է բժիշկը։
Ավելի վաղ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Հայաստանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է գրանցվել օգոստոսի 10-14-ը։ Ժամը 16:00-18: 00-ն Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է +40-ից +42-ի: Դա պայմանավորված էր Արաբական թերակղզուց հզոր ջերմային հոսքերի ներթափանցմամբ։