ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախարարությունից նշում են, որ վթարից տուժած 6 քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
«Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր: Մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,–նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։