«Գլոբալ մտահոգություն»
Newsweek պարբերականը հոդված է հրապարակել, որի գլխավոր թեման Ռուսաստանի և Լիբանանի հարաբերություններն են։ Մոսկվայի համար Բեյրութի հետ մերձեցումը կարող է նոր նավահանգիստներ և առևտրային շուկաներ բացել։ Դա, իր հերթին, հղի է արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ, կարծում է Newsweek-ի սյունակագիրը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Իգոր Մատվեևը նշում է, որ Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ Լիբանանի էներգետիկ ոլորտին և բնական պաշարներին, ակտիվացնել համատեղ նախագծերը:
Մոսկվայի մերձավորարևելյան ակտիվությունը ներառում է համախմբումը Սիրիայում, մերձեցումը Աֆրիկայի երկրների (ինչը ցույց տվեց վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովը) և Պարսից ծոցի պետությունների հետ։
Ծոցի միապետություններն ընդդեմ Բայդենի
Մեկ շաբաթ առաջ The New York Times-ը (NYT) ծավալուն հոդված էր հրապարակել Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դիրքերի կորստի մասին։ Ուշադրության կենտրոնում Արաբական Միացյալ Էմիրություններն են (ԱՄԷ):
«ԱՄԷ-ն, որն իր հարստությունը վերածել է հսկայական գլոբալ ազդեցության, հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի մեկուսացմանն ու Չինաստանի հետ կապերի սահմանափակմանը»,- գրում են հեղինակները:
Հունիսին ԱՄԷ-ն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատվավոր հյուր էր։ Միևնույն ժամանակ, շեյխը 2017 թվականից հետո Միացյալ Նահանգներ չի այցելել, և այդ ժամանակից ի վեր խնդիրները միայն աճել են:
Օգոստոսին Էմիրությունների և Չինաստանի ռազմաօդային ուժերը նախատեսում են առաջին անգամ համատեղ զորավարժություններ անցկացնել: Չնայած նախկինում ԱՄԷ-ն պաշտպանության հարցերում ապավինում էր առաջին հերթին ամերիկյան աջակցությանը։
Սաուդյան Արաբիայի Թագավորությունը նույնպես երես է թեքում Վաշինգտոնից։ Դա արտահայտվում է նաև անձնական հարաբերություններում. անցյալ տարի Ծոցի երկրների կառավարիչները հրաժարվում էին շփվել Ջո Բայդենի հետ նույնիսկ հեռախոսով։ Գարնանը սաուդցիները համաձայնագիր կնքեցին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, ընդ որում՝ Չինաստանի միջնորդությամբ։
«Հետնաբակը» առաջ է գալիս
Վաշինգտոնը դիրքերը կորցնում է նաև Լատինական Ամերիկայում, որը երկար ժամանակ իր «հետնաբակն» էր համարում։ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների սրումից հետո ԱՄՆ-ն փորձեց նավթային հարցերում Վենեսուելայի աջակցությունը ստանալ։ Սակայն երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ Խուան Գուայդոյի վրա արված խաղադրույքը չաշխատեց, նախագահ Նիկոլաս Մադուրոն միայն ամրապնդեց իր իշխանությունը։ Եվ նա մտադիր չէ զիջումների գնալ։
Բրազիլիան, որը Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ԲՐԻՔՍ-ի կազմում է, ավելացնում է համագործակցությունը Պեկինի հետ և ձգտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալ: Նման սցենարի իրականացման դեպքում, վետոյի իրավունք ստանալով, բրազիլացիները նոր խոչընդոտ կդառնան միջազգային մակարդակում ամերիկամետ որոշումներ կայացնելու համար:
Բոլորին հիասթափեցրին
ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիան տարիներ շարունակ ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում՝ դեպի Ռուսաստան ակնհայտ թեքումով։ Նախագահ Էրդողանի ձեռքում ոչ ավել, ոչ պակաս՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ապագան է։ Հենց Թուրքիան է, որ Շվեդիային թույլ չի տալիս դաշինք մտնել։
ԵՄ-ի գծով ԱՄՆ գործընկերներին անհանգստացնում է «Գնաճի նվազեցման մասին» խտրական օրենքը, որը սահմանափակում է եվրոպական մատակարարների իրավունքները ամերիկյան կանաչ էներգետիկայի շուկայում:
Եվրոպացիների պահանջների նման պահանջներ է ներկայացնում նաև Հարավային Կորեան՝ ԱՄՆ-ի ասիական ֆորպոստերից մեկը։ Իսկ Ճապոնիան, որն իր համար է անհանգստանում՝ Թայվանի շուրջ ամերիկացիների պատճառով աճող լարվածության պատճառով, որոշել է իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել։ Սեպտեմբերին, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կարող են երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ կայանալ Չինաստանի հետ:
ԱՄՆ-ի համար խնդիրն այն է, որ երկիրը ներկայումս գործնականում ունակ չէ «ուկրաինական» ռելսերից վերադառնալ բազմավեկտոր արտաքին քաղաքականության։ Կիևին աջակցելը ամերիկյան քաղաքական վերնախավի սակավաթիվ հատման կետերից մեկն է, իսկ այդ վերնախավը, ի լրումն, սկսել է զբաղվել 2024թ․-ի նախագահական ընտրությունների նախապատրաստմամբ։ Նման պայմաններում Միացյալ Նահանգներից երես թեքող երկրների թիվը ոչ միայն չի նվազի, այլև մեծ հավանականությամբ կաճի։