ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով դիմել են երկրի վարչապետ Մարկ Լյուտեին և արտգործնախարար Վոպկե Հուկստրային։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան։
Նա կից հրապարակել է փաստաթուղթ, որում խորհրդարանականները պահանջում են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:
Նշենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։