Ստեփանակերտում մի խումբ անձինք փորձել են փակել ՌԴ խաղաղապահների բազայի մուտքը

Ստեփանակերտում մի խումբ անձինք փորձել են փակել ՌԴ խաղաղապահների բազայի մուտքը
ՌԴ խաղաղապահներից ակցիա իրականացնողները պահանջում են ապահովել իրենց խաղաղ երթի անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մի խումբ մարդիկ Ստեփանակերտի օդանավակայանում ակցիա են կազմակերպել` ավտոմեքենայով փակելով ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրի մուտքը: Այս մասին գրում է «Արմենպրեսը»։
Նրանք պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և այդ նպատակով ապահովել խաղաղ ավտոերթի անվտանգությունը դեպի Հակարի կամուրջ (միջանցքի սկիզբ- խմբ.): Չստանալով իրենց նամակի պատասխանը ՝ շարժման մասնակիցները մեքենայով փակել են բազայի մուտքը և վիճաբանություն սկսել։
Խաղաղապահները ձեռքերով հետ են մղել մուտքը փակող մեքենան և այնտեղ զրահամեքենա տեղադրել ՝ տեղամասը վերահսկելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։