ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Լուսին-25» տիեզերական սարքը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Երկրի արբանյակի ուղեծիր։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսկոսմոսը»։
Ինչպես նշել են ընկերությունում, դա ապահովվել է ավտոմատ կայանի շարժիչ համակարգի երկու միացմամբ։ Առաջինը կատարվել է շտկող արգելակային շարժիչով և տևել 243 վայրկյան, երկրորդը` փափուկ վայրէջքի շարժիչներով և տևել 76 վայրկյան։
«Լուսին-25»–ի բոլոր համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով, նրա հետ կապը կայուն է։ Ընթացիկ նավիգացիոն պարամետրերի չափումներ են իրականացվում», – հավելել են «Ռոսկոսմոսում»։
Հիշեցնենք` «Սոյուզ 2.1բ» հրթիռը` 50 տարվա ընթացքում առաջին ռուսական լուսնային կայանով («Լուսին-25»), օդ է բարձրացել օգոստոսի 11-ին Մոսկվայի ժամանակով 02.11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից։
«Լուսին-25»–ն առաջին կայանը կդառնա, որը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բևեռի տարածքում, որը տեղանքի բարդ ռելիեֆ ունի։ Նախորդ բոլոր կայանները վայրէջք են կատարել հասարակածային գոտում։ Կայանի հիմնական նպատակը լուսնային հողի կոնտակտային հետազոտությունների անցկացումն է` սառույցի առկայությունը ստուգելու նպատակով։
«Լուսին-25»-ը նաև ժամանակակից Ռուսաստանի պատմության առաջին լուսնային կայանը կդառնա։ Երկրի արբանյակ ուղարկված խորհրդային վերջին տիեզերանավն արձակվել է 1976 թվականին և կոչվել «Լուսին-24»։