ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների դեմ իրականացվող ակցիաներն այնտեղ Ռուսաստանի ներկայությունը վարկաբեկելու հերթական փորձն են, վերջին իրադարձություններն էլ հաշվի առնելով` նաև Հայաստանում եվրոպացի դիտորդների շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական ֆոնի չեզոքացում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նշենք, որ այսօր ԼՂ–ում ակտիվիստների մի խումբ փակել էր ՌԴ խաղաղապահների շտաբի մուտքը` հայտարարելով խաղաղապահների անգործության և Լաչինի միջանցքի բացման հարցում անկարող լինելու մասին։
Մաթևոսյանը հակված է տեղի ունեցող իրադարձությունները դիտարկել այլ սյուժեի համատեքստում, որը կապված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ։ Նրա խոսքով` երեկվա տեղի ունեցածն առանց չափազանցնելու արտասովոր դեպք էր. ՀՀ ղեկավարությունը, որը մինչ այս բոլոր պատեհ առիթներով գովաբանում էր ԵՄ դիտորդների առաքելությանը, հենց ինքը բավականին անհարմար դրության մեջ հայտնվեց դիտորդական առաքելության «ջղաձգումների» պատճառով։
Ամեն ինչ սկսվեց, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել ԵՄ դիտորդների ուղղությամբ։ Ավելի ուշ եվրոպական առաքելության մամուլի ծառայությունը Twitter–ում գրեց, որ ԵՄ պարեկները կրակոցների թիրախ չեն եղել։ ՊՆ–ի հայտարարության «սքրինը» հրապարակելով` նրանք վրան ավելացրել էին FALSE (ապատեղեկատվություն) «դիսքլեյմերը»։ Կարճ ժամանակ անց, սակայն, այդ գրառումը հեռացվել էր, փոխարենը «շտկված հայտարարություն» տեղադրվել։ Առաքելությունը հաստատել էր, որ պարեկները ներկա էին եղել կրակոցների գոտում` չնշելով, թե ում կողմից է վարվել կրակը։ Մինչ այդ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ բլինդաժում գտնվող ԵՄ դիտորդը պատմում է, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել, որը գուցե իրենց է ուղղված։
«Կարծում եմ, որ հենց եվրոպական առաքելության հրապարակային ապատեղեկատվության, կամ իրավիճակը հարթելու բավական անհաջող փորձի ֆոնին, ԼՂ–ում որոշեցին ՌԴ խաղաղապահների դեմ ակցիա կազմակերպել` այդպիսով նոր օրակարգով լցնելով տեղեկատվական դաշտը և ԵՄ դիտորդներից նեգատիվը տեղափոխել ՌԴ խաղաղապահների վրա», – ասում է Մաթևոսյանը։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե որքան ակտիվ է ադրբեջանական մամուլը տարածում ԼՂ–ում խաղաղապահների դեմ իրականացվող ակցիաների տեսանյութերը և նյութերը։ Ադրբեջանական քարոզի հիմնական լեյտմոտիվն այն է, որ իբր արցախցիներն էլ են դժգոհ ռուսական խաղաղապահ զորախմբից։ Մաթևոսյանը համոզված է, որ խաղաղապահների դեմ ուղղված տեղեկատվական գրոհը նախևառաջ ձեռնտու է Ադրբեջանին և Արևմուտքին։
Նա հատկանշական է համարում ևս մեկ նրբություն։ ՌԴ խաղաղապահների դեմ ակցիայի կազմակերպիչներից մեկը` Արթուր Օսիպյանը, բարձրախոսով հայտարարում է, որ ԼՂ բնակիչները խաղաղապահների անգործության պատճառով սովի են մատնվում։ Բայց նույն Օսիպյանը արևմտյան միջոցներով ֆինանսավորվող հայկական պարբերականին վերջերս տված հարցազրույցներից մեկում պնդում էր, որ «թեև ԼՂ–ում բարդ իրավիճակ է, սակայն սով չկա»։
Բացի այն, որ որոշ մարդիկ արևմտյան համակարգողների հրահանգներով ՌԴ խաղաղապահների դեմ սադրանքներ են կազմակերպում, նույն այդ մարդիկ փորձում են ցույց տալ, որ ԼՂ–ում քաոս է տիրում կառավարման հարցում։ Քաղաքագետի խոսքով` Հայաստանն ու Արցախը, ԶԼՄ–ները, քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են աղետալի հումանիտար ծանր վիճակի մասին, մյուս կողմից որոշ մարդիկ հայկական ԶԼՄ–ներին տված մեկնաբանություններում, իսկ առանձին դեպքերում` ադրբեջանցի բլոգերների հետ զրույցներում լրիվ հակառակն են պնդում` ասելով, որ «իրավիճակը բարդ է, բայց սով չկա»։
«Եթե մենք պնդում ենք, որ Արցախում մարդասիրական ճգնաժամ է, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակաս կա, ապա մեր բոլոր տեղեկատվական հոսքերը պետք է այդ տրամաբանության մեջ լինեն։ Բայց եթե տեղեկատվական դաշտում բոլորովին այլ պնդումներ են հայտնվում` հաղթաթուղթ դառնալով հակառակորդի ձեռքին, ապա դա խոսում է այն մասին, որ Ղարաբաղի ղեկավարությունը չի կարողանում կառավարել տեղեկատվական օրակարգը», – ասում է Մաթևոսյանը։
Այս իրադարձությունների ֆոնին (հանկարծ) համացանցում մի փաստաթուղթ է հայտնվում, որը իբր Մոսկվայում հուլիսի 25-ին առաջարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և որը վերաբերում է Ադրբեջանի կազմում ԼՂ–ի հետագա «ինտեգրացիային»։ Մաթևոսյանի կարծիքով` թեև փաստաթուղթը վերագրվում է ՌԴ նախարարին, դրանում թվարկված կետերը ավելի շատ համապատասխանում են արևմտյան քաղաքական գործիչների բառապաշարին և դիրքորոշմանը։
«Եթե ինչ-որ մեկն այդքան շատ է ուզում քննադատել Ռուսաստանին, իմ կարծիքով, բավական կասկածելի փաստաթղթի պատճառով, անհրաժեշտ է առաջին հերթին հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հենց արևմտյան հարթակներում է ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հենց արևմտյան հարթակներում են ԼՂ հայերին ընկալում որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանում և այլն», – հավելեց նա։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանը և Արևմուտքը կոնսենսուսի են եկել` ՌԴ ռազմական ներկայություն տարածաշրջանում չպետք է լինի։ Եվ բոլոր տարատեսակ ակցիաները, այսպես թե այնպես, ուղղված են այս օրակարգի սպասարկմանը։