ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik.ՀՀ–ում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե և կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ քննարկել անդրազգային բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քյարամյանն ընդգծել է, որ երկու պետությունների իրավապահ համակարգերի միջև ձևավորվել է ջերմ հարաբերությունների բարձր մակարդակ, որին հասնելու գործընթացին մեծապես նպաստել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։
«Անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, այս ոլորտում երկկողմ գործակցության ճկուն կառուցակարգերը, որոնք նպաստել են քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը փաստում են վերջին տարիներին օրեցօր խորացող երկկողմ համագործակցության մասին»,-ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։
Սոբհանին էլ վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ դեսպանատան միջև հաստատված վստահելի, ջերմ հարաբերությունների հենքի վրա հնարավոր է լինելու ընդլայնել փոխգործակցության շրջանակը:
Նա ընդգծել է անդրազգային բնույթի հանցագործությունների՝ մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության, մարդկանց ապօրինի սահմանահատումների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման կարևորությունը, միաժամանակ երկուստեք միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները հարևան երկրների քաղաքացիների փոխայցելությունների, տնտեսական հարաբերությունների և հատկապես զբոսաշրջային այցելությունների առկա ինտենսիվությունը պահպանելու և զարգացնելու առումով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության ապահովման, հաղորդակցության գործող կառուցակարգերի արդյունավետության առավել բարձրացման խնդիրներին: