ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության կոչ է անում

ԵՄ դիտորդները Հայաստանում. Արխիվային լուսանկար
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն չպետք է դառնա Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Հայաստանում ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը, ասված է տարածված հայտարարության մեջ:
Նրանք ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ են անում գործել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խիստ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության և աշխատանքի արդյունավետության համար։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 15-ին հայտնել էր, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակել է այնտեղ, որտեղ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից են եղել: Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԵՄ առաքելության էջը հանդես եկավ հայտարարությամբ` ապատեղեկատվություն որակելով ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։
Սրան հաջորդեց համացանցում տեսանյութի տարածումը, որտեղ հայկական դիրքերում գտնվող ԵՄ դիտորդն ասում էր, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է նաև իրենց մեքենայի ուղղությամբ։
Տեսանյութի տարածումից հետո առաքելությունը ջնջեց նախորդ` խիստ որակում տված թվիթը և նոր հայտարարություն հրապարակեց։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ նման մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա:
«Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների»,–ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հուսահատեցնող է համարում նաև այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին:
Ավելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Նշվում է, որ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդես գալ շարունակական սադրանքների և միջազգային իրավունքի անտեսման ադրբեջանական քաղաքականության դեմ: