ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին այսօր քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր։
«Երկուստեք կարևորվել է օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությանը և դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: