ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակումը, կարծում են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանք հայտարարություն են տարածել այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք արտահերթ նիստից առաջ։
«Երբ Ադրբեջանը բացահայտորեն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ցեղասպան քաղաքականություն, չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը»,– ասված է հայտարարությունունում։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ ուշի-ուշով հետևում են զարգացումներին։ Նրանք հույս են հայտնել, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։
«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները և գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք»,– նշված է հայտարարությունում։
Նրանք նշում են, որ Ադրբեջանի գործողություններն օրինական իրավունք են տալիս հայկական կողմին հետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության ապահովման վրա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։