Երևանում 62-ամյա տղամարդն ընկել է նոր կառուցվող շենքի 13-րդ հարկից և մահացել

Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երևանի Լենինգրադյան փողոցի Նոյ թաղամասում կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 12:10-ի սահմաններում։
«Մահացածն աշխատել է նշված շինկազմակերպությունում և 13-րդ հարկից ընկել է։ Տարածքը սահմանազատվել է, քննիչն էլ կատարել է դեպքի վայրի զննություն»,– նշում է կայքը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Խաչիկ Հ․-ն է։