Բույար Օսմանին Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցք

ԵԱՀԿ ներկայիս նախագահ Բույար Օսմանին. Արխիվային լուսանկար
Նա տեղում կծանոթանա առկա իրավիճակին և կզեկուցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցքի շրջան։ Այս մասին Բույար Օսմանին գրել է Twitter–յան իր էջում։
«Ես խնդրել եմ իմ անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ տեղում առկա իրավիճակի մասին»,– գրել է նա։
Նա հայտնել է, որ նման որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ անցած շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցներից հետո:
«Ես կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ երթևեկություն տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Հումանիտար ասպեկտները միշտ պետք է գերակշռեն: Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ – ն պատրաստ է աջակցել դրան»,– գրել է նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։