ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համոզված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է որոշիչ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխարգելման համատեքստում։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ հեռախոսազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
«Միրզոյանը Վիեյրային է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը»,– ասված է հաղորդագրությունում:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև ՄԱԿ իրավական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ պարտադիր ուժ ունեցող որոշումները:
Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման միջոցով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։