Շիֆը կոչ է արել Բայդենին բարձրացնել ԼՂ–ի հարցն ու Ալիևին զգուշացնել պատժամիջոցների մասին

Ադամ Շիֆ
Կոնգրեսականը ԱՄՆ նախագահին հորդորել է ՄԱԿ–ի ԱԽ–ի հրատապ նիստ հրավիրել, քանի դեռ այնտեղ ԱՄՆ–ն է նախագահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է կապ հաստատի Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ և նախազգուշացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքների մասին, այդ թվում` պատժամիջոցների և ԱՄՆ օգնության չեղարկման։ Այս մասին նախագահին ուղղված նամակում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը` Twitter–ում հրապարակելով իր նամակը։
Նա հիշեցրել է, որ հունիսի 8-ին ևս մեկ նամակ էր գրել նախագահին ԼՂ շրջափակման հարցով։ Այդ ժամանակից ճգնաժամը բավական սրվել է և ԱՄՆ նախագահի անձնական և հրատապ ուշադրությունն է պահանջում։
«2022 թվականի դեկտեմբերից Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի, գազի և մշտական էլեկտրաէներգիայի մատակարարումներից, մի քանի շաբաթ առաջ էլ Ադրբեջանն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը, նույնիսկ Կարմիր խաչի համար։ Անկասկած, այս իրավիճակը մարդասիրական սուր ճգնաժամի է հանգեցրել, ինչպես օգոստոսի 7-ին նշել է ՄԱԿ–ի փորձագետների խումբը», – հիշեցրել է Շիֆը։
Նա նշել է, որ ԼՂ բնակչությունը, այդ թվում` քաղաքացիների ամենախոցելի շերտերը` հղիները, երեխաները և ծերերը, հրատապ օգնության կարիք ունեն։ «Դեղորայք և մանկական սնունդ գրեթե չի մնացել, իշխանությունները հայտնել են թերսնման և դեղորայքի բացակայության պատճառով հիվանդությունների և մահերի հաճախակի դարձած դեպքերի մասին։ Հղի կանանց մոտ անեմիայի դեպքերը հասել են 90%–ի, իսկ սովածությունից ուշագնացության դեպքերը մշտապես են արձանագրվում։ ԼՂ ժողովուրդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրի համաձայն, սովի իրական սպառնալիքի է բախվել»,– գրել է Շիֆը։
Կոնգրեսականը նշել է, որ հենց այս պահին Ադրբեջանը թույլ չի տալիս 400 տոննա մարդասիրական բեռ մտնի ԼՂ, ի հեճուկս միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի։
Թեև ԱՄՆ–ն, ԵՄ–ն, ՄԱԿ–ի փորձագետներն ու Ռուսաստանը հորդորել են բացել Լաչինի միջանցքը և ապահովել կանոնավոր տեղաշարժը, բայց Ադրբեջանը անտեսում է այդ կոչերը։ Շիֆն ընդգծել է` հայտարարությունների ժամանակը վաղուց անցել է, այդ իսկ պատճառով նախագահը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։
Առաջին` ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել, քանի դեռ այնտեղ նախագահում է ԱՄՆ–ն. ԼՂ իրավիճակը համապատասխանում է ԱՄՆ–ի կողմից պարենային անվտանգության և մարդու իրավունքների պայքարի թեման գլխավոր դարձնելու մտադրությանը։
Երկրորդ` ամերիկյան առաքելություն ուղարկել ՄԱԿ` Անվտանգության խորհրդի բանաձև պատրաստելու համար, որում կխոսվի փաստերի հավաքման և անկախ գնահատականի համար ԼՂ–ում ՄԱԿ–ի փորձագետներ տեղակայելու, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Երրորդ`ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին և USAID–ին հանձնարարել ուսումնասիրել ցամաքային կամ օդային ճանապարհով ԼՂ հրատապ մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։
Չորրորդ` կապ հաստատել Ալիևի հետ և զգուշացնել շրջափակման հետևանքների, այդ թվում` պատժամիջոցների, վիզաների տրամադրումը չեղարկելու, ինչպես նաև ԱՄՆ–ի օգնությունը դադարեցնելու մասին (ինչը, կոնգրեսականներից շատերի կարծիքով, պետք էր վաղուց անել)։
«Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունելով` ԱՄՆ–ն հայտարարեց` «այլևս երբեք», սակայն այժմ Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտումների իրական սպառնալիքի է բախվել։ Պարոն նախագահ, դուք ճշմարտության կողմնակից եք եղել, հանդես էիք գալիս հօգուտ ճշմարտության, հիմա այդ հայտարարությունները գործով արտահայտելու և հայոց նոր ցեղասպանությանը կանխելու ժամանակն է», – գրել է կոնգրեսականը։
Նշենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։