ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին` Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի զոհերից ամենաերիտասարդը 18 տարեկան աղջիկ էր, իսկ ամենամեծը` 56 տարեկան մի տղամարդ։
Ու թեև իրավապահ մարմիններն այդպես էլ չեն ներկայացրել զոհերի ցուցակը, այնուամենայնիվ ԶԼՄ–ներում հայտնվեցին նրանց անունները։
Մառլեն Մարգարյան
Մուշեղ Էլոյան
Լիանա Քոչինյան
Եվա Փարսյան
Նարե Ամարյան
Հելեն Դադայան
Ամալիա Մնացականյան
Բարիս Թորոսյան
Անահիտ Հակոբյան
Ալվարդ Մարտիրոսյան
Արայիկ Մուրադյան
Նրանք բոլորը «Համշեն տուր» տուրիստական գործակալության միկրոավտոբուսում էին, որով Արևմտյան Հայաստանից վերադառնում էին Երևան։
Ստորև ներկայացնում ենք մի քանի տեղեկություն զոհվածների մասին։
Վթարի ամենաերիտասարդ աղջիկը Եվա Փարսյանն էր, որն իր ուսուցչուհու (նա նույնպես մահացել է- խմբ.) հետ էր մեկնել Արևմտյան Հայաստան։ Եվան Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էր, իրենից փոքր եղբայր ուներ։ Սովորել է Կոռնիձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Նա այս տարի ընդունվել էր Երևանի պետական համալսարան, նա նաև «Ֆեյսբուքի» իր էջում հուլիսի 30-ին գրառում էր արել, նշելով. «Վաղը, երբ այս ամենը ավարտվի, ու խաղաղությունը բարեհաճի գալ, ես ուզում եմ խաղաղվե՜լ, խաղաղվե՜լ, խաղաղվե՜լ...»։
Եվայի պատմության ուսուցչուհին Նարե Ամարյանն էր, 27 տարեկան։ Նա ծնունդով Գորիսից էր, դասավանդում էր Կոռնիձորում, ամուսնացած չէր։
Զոհվածներից 4-ն էլ խնամիներ էին։ Երկուսը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին` 50-ամյա Բարիս Թորոսյանը և 45-ամյա Անահիտ Հակոբյանը։ Նրանց երկու որդին էլ ծառայության մեջ են։ Բարիսն ու Անահիտն Արևմտյան Հայաստան էին գնացել իրենց աղջկա սկեսուրի և սկեսրայրի հետ։ Խնամներն էլ Քասախ գյուղի բնակիչներ էին` 56-ամյա Արայիկ Մուրադյանն ու 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանը։ Նրանք էլ 2 տղա ունեին, ամուսնացած, Արայիկը շինարար էր։
Այս ողբերգական վթարի զոհերի թվում են նաև միկրոավտոբուսի վարորդը և զբոսավարը։ 35-ամյա վարորդը Մառլեն Մարգարյանն էր, որը վաղուց համագործակցում էր «Համշեն տուրի» հետ։ Ծնունդով Ախալցխայից էր, բայց ապրում էր Երևանում։ Ամուսնացած էր, ունի անչափահաս որդի և դուստր։ «Համշեն տուրի» զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր։ Տուրիստական գործակալության տնօրինությունը Մուշեղին բնութագրել է որպես պայծառ ու շատ սիրված երիտասարդ։
Արևմտյան Հայաստան մեկնել էր նաև 42-ամյա Լիանա Քոչինյանը, որը դաստիարակչուհի էր աշխատում Երևանի «Հեքիաթ» մանկապարտեզում։
Վթարից մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանն էլ, որը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, ապրում էր Երևանում։ Նա սովորել էր Երևանի Բրյուսովի պետական համալսարանում։ Աշխատել է «Դասավանդի՛ր Հայաստան»–ում` որպես Ընտրության թիմի փորձնակ։ Կազմակերպությունում նրան ներկայացնում են որպես խանդավառ, եռանդուն և նվիրված աշխատակից։ Ամալյան ճանապարհորդության էր մեկնել իր նշանածի` 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Վերջինիս վիճակը ծանր է։
Ողբերգական այս վթարի զոհերի թվում նաև 21-ամյա Հելեն Դադայանն է, որը ծնունդով Արցախից էր, Ճարտար գյուղից։ Նա սովորում և աշխատում էր «Եվրասիա» համալսարանում։ Վերջինիս ծնողները և ավագ քույրը Արցախում են` շրջափակման մեջ։ Սոցցանցերի օգտատերերը փորձում են հասկանալ՝ արդյոք թույլ կտան, որպեսզի նրան հուղարկավորելու համար տեղափոխեն Արցախ։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։