ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսսենը չի բացառում, որ Ուկրաինան կարող է անդամակցել դաշինքին` տարածքի մի մասը Ռուսաստանին փոխանցելու դիմաց: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Verdens Gang պարբերականին։
«Ես կարծում եմ, որ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինան հրաժարվի տարածքից և փոխարենը ՆԱՏՕ-ին անդամակցություն ստանա»,-ասել է Յենսենը:
Պատասխանելով թերթի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի՝ Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու և ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, Յենսենը նշել է, որ հակամարտությունից հետո հնարավոր կարգավիճակի մասին քննարկումն ընթանում է, և որ Ռուսաստանին տարածքներ փոխանցելու հարցն արդեն բարձրացվել է։
«Ես չեմ ասում, որ այդպես պետք է լինի։ Բայց, հավանաբար, դա հնարավոր լուծում է»,-հայտարարել է Յենսսենը։
Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություններ է կատարել երկու օրենքներում՝ հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից։ 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները՝ ամրագրելով երկրի ընթացքը դեպի ԵՄ և ՆԱՏՕ։ Ուկրաինան վեցերորդ պետությունն է, որը ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել։ 2022 թվականի սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։
ՆԱՏՕ-ի երկրները Լիտվայում կայացած գագաթնաժողովում հաստատել են Ուկրաինային աջակցության բազմամյա փաթեթը, որը բաղկացած է երեք կետից․ ուկրաինական զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության հասնելու համար օգնության ծրագիր, Ուկրաինա-ՆԱՏՕ Խորհրդի ստեղծում և Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի իրավունքի հաստատում՝ առանց անդամակցության հասնելու գործողությունների ծրագրի նախնական կատարման: Միևնույն ժամանակ, չի նշվել դաշինքին Ուկրաինայի անդամակցության ոչ մի ժամկետ, ինչը պնդում էր Կիևը, չեն նշվել նաև այն պայմանները, որոնք պետք է կատարվեն պաշտոնական հրավեր ստանալու համար: