ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Sputnik Արմենիան կապ հաստատեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանի հետ, որը հաստատեց լուրը։
Օգոստոսի 2–ին Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմումը վերաբերում էր մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։ ՄԻԵԴ–ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10–ն էր ժամանակ տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
«Փաստաթղթեր, լուսանկարներ, պահման պայմանների մասին տեղեկություն է ստացվել: Մինչև օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկությունների և դիրքորոշում հայտնելու: Տեղեկություններն արդեն փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,– Sputnik Արմենիային ասաց Սամվելյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։