ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ
Օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահում Է ԱՄՆ-ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը՝ համապատասխան իրազեկումը հրապարակելով իր կայքում։
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

«Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին»,- նշել են ամերիկյան մշտական ներկայացուցչությունում:

ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն և ձևավորում աշխատանքային ծրագիր։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։