ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը հակամարտության գոտում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ադրբեջանական կողմի` վերջին օրերին հայկական դիրքերի գնդակոծմանը և զուգահեռաբար հրադադարի ռեժիմի խախտման մեջ Հայաստանին մեղադրելուն։
Բացի այդ, Բաքուն հայտարարում է Լեռնային Ղարաբաղի սահմանին և շփման գծում հայկական կողմից կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին։ Երևանը Բաքվի շահարկումներն ու մեղադրանքները գնահատում է որպես նոր էսկալացիայի տեղեկատվական նախապատրաստություն։
Բաքուն շանտաժի է ենթարկում
Սուրենյանցի կարծիքով՝ Ադրբեջանը գնում է բացահայտ շանտաժի ճանապարհով, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության նկատմամբ։ Բաքուն հասկացնում է, որ եթե ԱԽ նիստում իր համար ոչ շահավետ, ոչ ցանկալի փաստաթուղթ ընդունեն, ապա ինքը պատրաստ է գնալ սրացման։ Բաքվի վերջին օրերի բոլոր գործողություններն ու հայտարարությունները, ինչպես նաև սահմանին կրակոցները կապված են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստի հետ։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին լուրերը հերքել է ոչ միայն Հայաստանը, այլև եվրոպական դիտորդական առաքելությունը:
Սուրենյանցը միաժամանակ կասկածելի և տարակուսելի է համարում Երևանի լռությունը՝ ի պատասխան ադրբեջանական ղեկավարության այն պնդումների, թե կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել Լեռնային Ղարաբաղ բեռների փոխադրման համար, ինչպես նաև Եվլախում հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
«Ես շատ կցանկանայի, որ պաշտոնական Երևանը պարզաբանումներով հանդես գար ադրբեջանական կողմի պնդումների վերաբերյալ։ Երևանն ու Ստեփանակերտը պետք է հստակ դիրքորոշումներ արտահայտեն, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի հետ եղել են պայմանավորվածություններ, որոնցից իբր Հայաստանն ավելի ուշ հրաժարվել է»,- ասաց Սուրենյանցը։
Ի դեպ, ԵՄ առաքելության մասին
Հետաքրքիր է, որ երբ եվրոպացիները հերքեցին ադրբեջանական հայտարարությունները, թե Հայաստանն առաջնագծում ուժեր և ռազմամթերք է կուտակում, հաջորդ օրը ՀՀ ՊՆ-ն հայտնեց հակառակորդի կողմից դիտորդների ուղղությամբ կրակ բացելու մասին: Մի քանի ժամ անց առաքելությունը հայտարարեց, որ կրակի տակ չի ընկել։
Մինչդեռ Սուրենյանցն ավելի շատ հակված է վստահելու ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությանը։ Եթե միջադեպ չլիներ, գերատեսչությունը չէր խոսի այդ մասին։
«Եվրոպացիները հերթական անգամ փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի, զոհի և ագրեսորի միջև։ Եթե երեկ առաքելությունը հերքում էր Բաքվին, ապա այսօր իր պարտքն է համարել հերքել Երևանին»,- նշեց քաղաքագետը։
Ի դեպ, նյութի պատրաստման ընթացքում Twitter-ում ԵՄ առաքելության էջում հրաձգությունը հերքող գրառումը փոխվեց։ Նախնական հերքման փոխարեն այժմ խոսվում է այն մասին, որ ԵՄ դիտորդն այնտեղ է եղել կրակոցների պահին։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կոնսենսուս է պետք
Անդրադառնալով Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին՝ Սուրենյանցը նշեց, որ քննարկման բարենպաստ ելքը կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կոնսենսուսից: Սա միակ գործոնն է, որը կանխորոշում է, թե Հայաստանի համար ինչ շահեկան որոշումներ կկայացվեն։
«Եթե պաշտոնական Երևանին հաջողվի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կոնսենսուս ձևավորել, ապա մենք կունենանք ինչ-որ ամփոփիչ փաստաթուղթ։ Անշուշտ, սա այսօր շատ բարդ խնդիր է։ Այնուամենայնիվ, փոխզիջման հնարավորություններ կան, բայց դրա համար մեր դիվանագիտությունը պետք է շատ աշխատի»,- համոզված է Սուրենյանցը։
Երբ գալիս է սեպտեմբերը
Փորձագետը կարծում է, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, ինչի մասին խոսել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեծապես կախված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներից: Մարուքյանը նախօրեին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ սեպտեմբերին Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ կարող է կայանալ:
«Եթե Հայաստանին չհաջողվի դիվանագիտական հաջողության հասնել ՄԱԿ-ի ԱԽ–ում, ապա մեծ է Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հավանականությունը։ Ընդ որում, ես բնավ չեմ կարծում, որ չարժե դիմել Անվտանգության խորհրդին։ Որոշումը ճիշտ է կայացվել, բայց հնարավորությունների հետ մեկտեղ, այն նաև ռիսկեր է պարունակում»,- ասում է Սուրենյանցը։
Նյու Յորքի նիստից արդյունքների բացակայությունը Ադրբեջանը կընկալի որպես «կանաչ լույս»՝ սրացման նոր փուլ սկսելու համար։
Սուրենյանցի կարծիքով՝ սեպտեմբերին բանակցություններ ունենալու Մարուքյանի ակնկալիքները, հավանաբար, պայմանավորված են ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հայտարարություններով, թե ամառային արձակուրդներից հետո ցանկանում է առաջնորդների ևս մեկ հանդիպում կազմակերպել: Փորձագետը, սակայն բրյուսելյան հարթակն ամենաանարդյունավետն է համարում Հայաստանի համար բանակցային բոլոր ձևաչափերի շարքում։