ՀՀ–ում փաստաբաններին ծեծելու հայտնի դեպքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Գլխավոր դատախազություն
Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնավարումը դադարեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության Էրեբունի բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ծեծի ենթարկելու հայտնի դեպքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` բաժնում անչափահաս Ռ.Տ.-ի պաշտպան Մարզպետ Ավագյանի հասցենին հնչել են հեգնական արտահայտություններ։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին։ Դրանից հետո փաստաբանը վկա Մ.Ե.-ին քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել և միջանցքում պարզաբանում պահանջել:
Վկա Մ.Ե.-ն Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից փաստաբանի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը։
Դրան ի պատասխան՝ Մարզպետ Ավագյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, որոնք իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Դրանից հետո վիճաբանություն է սկսվել ոստիկանության ծառայողների և փաստաբանի միջև:
«Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ՝ խմբի կազմում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Էմանուել Ավագյանը միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել միջադեպին ներկա ոստիկանության աշխատակիցների հասցեին: Դրանից հետո վկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ պատասխան հայհոյանքներ է հնչեցրել, ապա հարվածներ հասցրել պաշտպան Ավագյանի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
2023 թվականի օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին դատախազը որոշումներ է կայացրել հարուցել հանրային քրեական հետապնդումներ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի և օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Ս.Ե-ի նկատմամբ՝ նաև պաշտոնավարման կասեցումը:
ՀՀ ՆԳ նախարարը և փաստաբանները համատեղ հայտարարություն են ընդունել